ԼՐԱՏՎԱԿԱՆՆԵՐՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ
Այս դասընթացը դիտարկում է որոշակի մարտահրավերներ, որոնց առնչվում են Վրաստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի և Մոլդովայի լրագրողները։
ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տեսանյութ
ՀԱՄԱՌՈՏ ՀԱՐՑԱՇԱՐ
Համառոտ հարցաշար
ՀԱՐՑԵՐ
Հարցեր՝ լսարանային քննարկման համար
Ինչու՞ են տարբեր խմբեր ստեղծում և տարածում կեղծ լուրեր։ Կարո՞ղ եք մտաբերել այդպիսի խմբեր Վրաստանում/ Հայաստանում/ Ադրբեջանում/ Մոլդովայում։
Ռուսական ապատեղեկատվությունը լայն տարածում ունի Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում՝ միևնույն մեթոդների կիրառմամբ։ Ինչպե՞ս է այս տեղեկատվությունը վնասում նշված երկրներին։ Ի՞նչ եք կարծում, յուրաքանչյուր երկրում ազդեցությունը միևնու՞յնն էր, թե՞ տարբեր։
Կեղծ լուրերը հաճախ շատ արագ են տարածվում, մինչդեռ դրանց կեղծ լինելը բացահայտելը սովորաբար զգալիորեն ավելի փոքր լսարանի է գրավում։ Իմաստ ունի՞ արդյոք կեղծ լուրը բացահայտել, եթե մարդիկ չեն կարդում այդպիսի տեղեկատվություն։ Ինչպե՞ս կարելի է մատուցել կեղծ լուրը բացահայտող նյութերը, որպեսզի այն ավելի արդյունավետ լինի։
Բռնապետական ռեժիմի պայմաններում անկախ լրագրողները հաճախ հետապնդվում են, իսկ կառավարությունները կարող են ապատեղեկատվության աղբյուր դառնալ։ Արդյոք ճի՞շտ է, որ լրագրողներն իրենց վտանգի են ենթարկում՝ ամեն գնով ճշմարտությունն իմանալու համար։ Արդյոք լրագրողի պա՞րտքն է՝ ամեն գնով ճշմարտությունն իմանալը։
Կեղծ լուրերն ու ապատեղեկատվությունը տարածվում են ամբողջ աշխարհով։ Ի՞նչ պետք է անեն կառավարությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և լրատվամիջոցները՝ կեղծ լուրերի կանխման համար, և ի՞նչ կարժենա դա։
ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դու ընդդեմ ապատեղեկատվության
Ընտրիր, թե ինչ կանեիր այս իրավիճակներում։ Ընտրիր քեզ համար լավագույն տարբերակները և քննարկիր դրանք դասասենյակում։ Չկան լավ կամ վատ պատասխաններ, սակայն որոշ պատասխաններ ավելի ճշգրիտ են, քան մյուսները։
Դրվագ 1
Դու Թբիլիսիում գործող անկախ լրատվամիջոցի խմբագիր ես։ Ֆեյսբուքի հաղորդագրությամբ գաղտնի ձայնագրություն ես ստանում։ Ձայնագրությունում երկու մարդու խոսակցություն է, որոնցից մեկն ակնհայտորեն Գորիի քաղաքապետի՝ ընդդիմադիր կուսակցության թեկնածու է, մյուսը՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) պաշտոնատար անձ։ Թեկնածուն համաձայնում է ԱԴԾ պաշտոնյայից 100,000 ԱՄՆ դոլար ստանալ՝ Գորին Նոր Ստալինգրադի վերանվանելու պահանջով ծայրահեղ աջ բողոքի խմբեր կազմակերպելու դիմաց։ Անձը, որ ուղարկել է ձայնագրությունը, չի պատասխանում քո հաղորդագրություններին, նրա օգտահաշիվն ամենայն հավանականությամբ կեղծ է։ Ձայնագրությունը տեղադրված է դատարկ վեբկայքում, որը գրանցված է Ուկրաինայում, կեղծ անվամբ։ Դու կապ ես հաստատում Ուկրաինայի վստահելի գործընկերներիդ հետ և նրանք ասում են քեզ, որ հենց այս վեբկայքն իրենց անծանոթ է, բայց այն շատ նման է այլ նույնատիպ հարթակների, որոնք կեղծ լուրեր են տարածում։ Տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունները վաղն են, և համաձայն վերջին հարցումների՝ հավանական է՝ կհաղթի ընդդիմադիր թեկնածուն։ Ի՞նչ ես անում այս դեպքում։
Տարբերակ 1
Ձայնագրությունը կարող է կեղծ լինել, նաև՝ տարածված իշխող կուսակցության կողմից՝ ընդդիմադիր թեկնածուին վարկաբեկելու համար։ Գործընկերները կարծում են, որ աղբյուրը, հավանաբար, կեղծ է։ Եթե ես հիմա այս նյութը հրապարակեմ, դա կարող է վաղը շոշափելի ազդեցություն ունել ընտրությունների արդյունքի վրա։ Ընտրություններից մեկ օր առաջ այսպիսի նյութ հրապարակելն անպատասխանատու է, եթե միայն ես 100 տոկոսով վստահ չեմ դրա հավաստիության մեջ։ Եթե նույնիսկ ես նշեմ, որ տեղեկատվությունը ստուգված չէ, ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնի։ Ես չեմ հրապարակի նյութը, մինչև մանրամասն հետազոտություն չանցկացնեմ։
Տարբերակ 2
Հանրային հետաքրքրությունն այս իրավիճակի հանդեպ շատ բարձր է, և քվեարկողները, մինչև իրենց ձայնը տալը, իրավունք ունեն տիրապետելու ողջ տեղեկատվությանը։ Ես ամենը կգրեմ այնպես, ինչպես կա, կնշեմ, որ աղբյուրը ստուգված չէ, և կթողնեմ, որ յուրաքանչյուրն իր հետևությունն անի։ Անպատասխանատու է թաքցնել այս աստիճանի կարևորության տեղեկատվությունը։
Դրվագ 2
Դու Կիևում բնակվող խմբագիր ես։ Դոնբասից մի լուր ես ստացել այն մասին, թե ինչպես են տեղական զինված ուժերը զորակոչել և վարժանքներ անցկացրել երեխա զինծառայողի հետ։ Լուրը կասկածելի չի թվում, և դու հրապարակում ես այն հաջորդ առավոտյան։ Երկու օր անց փաստեր ստուգող տեղական խումբը կապ է հաստատում քեզ հետ և ասում, որ հրապարակված լուսանկարը էստոնական յոգուրտի գովազդի դերասան երեխայինն է։ Որպես գործընկեր լրագրողներ նրանք քեզ հնարավորություն են տալիս հանելու նյութը։ Այնուհետ դու և թիմդ հետազոտում եք լուրը և պարզում, որ այն կեղծ է։ Հակամարտության լուսաբանման նախագիծը ֆինանսավորվում է խոշոր միջազգային դոնոր կազմակերպության կողմից, որը գործարկում է հետխորհրդային երկրների հակամարտության գոտիներում աշխատող տեղացի լրագրողների ցանց։ Սա սարսափելի հանգամանքներում ապրող տեղացի լրագրողների եկամտի միակ աղբյուրն է։ Դու մի քանի օր ես անցկացնում՝ այս նախագծի կողմից նույնատիպ լուրեր հետաքննելով և պարզում, որ ոչ միայն Դոնբասի հեղինակի ուղարկած լուրերն են մասամբ կամ ամբողջովին կեղծ․ նաև այլ լրագրողներ են ուղարկել ոչ պատշաճ ստուգված լուրեր։ Ակնհայտ է, որ խնդիրը համակարգային է։ Լավագույն դեպքում դոնորը կդադարեցնի ֆինանսավորումը և, հավանաբար, առհասարակ գործընկերությունը։ Սա քո առանցքային նախագծերից մեկն է, որը տապալելը թե՛ ֆինանսների, թե՛ համբավի կորստով հսկայական կարող է լինել։ Փաստորեն, դու կարծում ես, որ լրատվամիջոցը կարող է չգոյատևել։ Ի՞նչպես կվարվես։
Տարբերակ 1
Հերքում կհարապարակես և ներողություն կխնդրես, սակայն զգալիորեն կնվազեցնես խնդրի կարևորությունը և կներկայացնես այն որպես մի քանի բացառիկ դեպքերից մեկը՝ խոստանալով ձեռնարկել ստուգման լուրջ միջոցներ։
Տարբերակ 2
Կհրապարակես բոլոր չստուգված լուրերի հերքում, ամբողջ տեղեկատվությունը կկիսես դոնորի հետ և կընդունես հետևանքները։
Դրվագ 3
Դու Երևանում բնակվող լրագրող ես։ Հետազոտություն ես անցկացնում լրատվամիջոցների մի ցանցի, որի անդամները միանման լուրեր են հրապարակում այն մասին, թե ինչպես է Ռուսաստանը Հայաստանին օգնում պայքարել կորոնավիրուսի դեմ, մինչդեռ արևմտյան երկրները ոչինչ չեն անում։ Դու կասկածում ես, որ սա համակարգված պրոպագանդայի փորձ է։ Պարզում ես, որ քաղաքացիական հասարակության վստահելի կազմակերպություններ բարձրաձայնել են, որ այս լրատվամիջոցներն ապատեղեկատվություն են տարածում և կարող են կապված լինել Ռուսաստանի հետ։ Դու նյութերը ցույց ես տալիս վերլուծաբաններին և նրանք համաձայնում են, որ դեպքն իսկապես համակարգված փորձ է հիշեցնում։ Այնուամենայնիվ, դու չես կարող այս աղբյուրներն ուղղակիորեն Ռուսաստանի հետ կապել։ Արդյոք բավարար տեղեկատվություն ունե՞ս՝ այս պատմությունը հրապարակելու համար։
Տարբերակ 1
Այո, ապատեղեկատվության պատկերն արդեն լավ հետազոտված ա։ Ես կհիմնվեմ վերլուծաբանների հետ հարցազրույցների և ՀԿ հրապարակումների վրա, կներառեմ նման փորձերի վերջին օրինակները, և կհրապարակեմ լուրը։
Տարբերակ 2
Ոչ, ես պետք է շարունակեմ հետազոտել պատմությունը և ուղիղ կապեր գտնեմ Ռուսաստանի հետ։